Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 22-ից սկսված քաղաքացիական շարժումը վերածվել է քաղաքական պայքարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով՝ ցուցարարները պահանջում են կառավարության, ներքին գործերի նախարարի, Ազգային ժողովի պատգամավորների հրաժարականները:
«Մայրաքաղաքում իրավիճակը լարված է: Եզակի դեպք է, որ տարբեր համայնքների երիտասարդներ միավորվել են եւ միասին են պայքարում: Հստակ է, որ «աղբային» ակցիան վերածվել է քաղաքական շարժման»,- ասաց նա:
Քանդահարյանը հայտնեց, որ օգոստոսի 24-ին երեկոյան նախատեսված էր բողոքի ակցիա, որը սակայն հետաձգվել է: Պատճառները հայտնի չեն: Խմբագրի կարծիքով՝ առաջիկա հինգշաբթի շատ հարցերի պատասխան կտրվեն:
«Հինգշաբթի կառավարության նիստ է լինելու, եւ վարչապետը սպառնացել է, որ սա վերջին նիստն է լինելու: Եթե նույնիսկ վարչապետը որոշի հրաժարական տա, ո՞ւմ պետք է տա: Լիբանանն արդեն երկու տարի նախագահ չունի, իսկ Սահմանադրությամբ վարչապետը հրաժարական կարող է ներկայացնել միայն նախագահին: Այնպես որ այստեղ եւս անորոշություն կա: Պետք է սպասել հինգշաբթիին»,- ասաց նա:
Նշենք, որ Բեյրութում օգոստոսի 22-ին հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց եւ պահանջում են լուծել քաղաքի թափոնների ուտիլիզացման տարածքային վեճը: Հանրահավաքի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 23-ին ոստիկանությունն արդեն ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի միջոցով է ցրել ցուցարարներին, երբ վերջիններս փորձել են ներխուժել կառավարության շենք։





























