Ոստիկանությունը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու եւ ինչպես է օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը մարմնական վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը չցանկացավ մանրամասներ հայտնել Արթուր Վարդգեսյանի առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ դրանք ուրիշի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ են եւ չեն կարող հրապարակել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 22-ին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին տեղեկացրել էր, որ Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ոստիկանը չի կարող հրապարակային ներողություն խնդրել տարեց մարդուց, քանի որ մարմնական վնասվածքներ է ստացել և ստացիոնար բուժօգնություն է ստանում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:
Հաջորդ օրը Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն:




























