2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ տարին անընդմեջ Իջեւանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների եւ մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, հանդիպել ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաեւ այցելել սահմանամերձ գյուղերի՝ Դովեղի եւ Բերդավանի դպրոցներ:

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ եւ այս ուսումնական տարիների միջեւ:

Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն եւ 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն: Վարչության պետն անդրադարձ է կատարել ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, ոլորտում տարբեր միջոցներով իրականացվող ծրագրերի, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության եւ դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման եւ բազմաթիվ այլ հարցերի: Ոուսումնական ընթացիկ խնդիրների վերաբերյալ որոշ նկատառումներ են հայտնել Բերդավանի եւ Հաղարծնի դպրոցների տնօրենները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նշել է, որ նոր ուսումնական տարվա շեմին կան բազմաթիվ հին խնդիրներ, որոնք մարզպետարանի, համապատասխան հաստատությունների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ օպերատիվ լուծում կստանան: Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ կարեւորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարեւոր պաշտպանական գիծն է: Նրա խոսքով՝ երկրորդ տարին անընդմեջ այցելում է Տավուշի մարզ, քանի որ այն հանդիսանում է հանրապետության ամենաթեժ կետերից մեկը: Նախարարը տնօրեններին է ներկայացրել այն կարեւոր համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում:

Մասնավորապես, ըստ Արմեն Աշոտյանի,  ԱԺ-ն օրենք է ընդունել, ըստ որի՝ սկսած 2017 թվականից պարտադիր հանրակրթության տեւողությունը մեր երկրում կլինի 12 տարի:

«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարեւորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»,-նշել է  Արմեն Աշոտյանը: Նախարարը նաեւ անդրադարձել է Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա Տավուշի մարզում դառնում է հասարակության լիիրավ անդամ: Արմեն Աշոտյանի խոսքով՝ այս հարցում մարզն արդարեւ համարվում է առաջամարտիկ, թեեւ առկա է համապատասխան մասնագետների կարիք: Նախարարը նաեւ նշել է, որ  Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ողջ ուսումնական ծրագրի վերանայում: «Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվացքը եւ տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության եւ միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրել է Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրել է նաեւ դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը եւ դրա հիմքերը:

Տավուշի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Արմեն Աշոտյանը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել: Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը մի քանի լավ լուր է հաղորդել հանդիպման մասնակիցներին, մասնավորապես,  առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ավագ դպրոցներին եւ խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաեւ համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն: Նախարարն անդրադարձել է նաեւ նախակրթարանների հիմնման խնդրին Տավուշի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Արմեն Աշոտյանի խոսքով՝  այս տարի եւս 100 դպրոց կներառվի «Ազգային երգն ու պարը» որպես պարտադիր առարկա ներդնելու փորձնական ծրագրում, որում ընդգրկված են որոշ դպրոցներ նաեւ Տավուշի մարզից: Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է նաեւ Տավուշի մարզի մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են կրթական բարեփոխումներին, հանրակրթական դպրոցների նոր դասագրքերին, տարակարգերի շնորհմանը, սահմանամերձ գյուղերի դպրոցների ֆինանսավորմանը եւ այլ հարցերի: