Երեւանի Նուբարաշեն թաղամասում անցած տարվա հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության գործով նշանակված փորձաքննության պատասխանը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ փորձաքննության պատասխաններին դեռ իրենք չեն ծանոթացել: Հիշեցնենք, որ նշանակված փորձաքննությամբ նախաքննական մարմինը փորձում էր պարզել՝ արդյոք տուժողի մարմնի վրա առկա վնասվածքները համապատասխանում են իր հագուստի վրայի հետքերի հետ, թե ոչ:
Ինչ վերաբերվում է նախաքննության ավարտին, Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ հայտնի չէ, թե երբ այն կավարտվի:
Հիշեցնենք, որ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, մոտ 9 ամիս գտնվում էր հետախուզման մեջ: Մարտի 21-ին նա ներկայացել էր ոստիկանություն, երբ փոխվել էր խափանման միջոցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:




























