Air Armenia-ի 51 տոկոսի սեփականատեր, տնօրեն Արսեն Ավետիսյանը, որին 10 օր առաջ ծեծի էին ենթարկել Ֆուտբոլի ակադեմիայում, դեռեւս աշխատանքի չի վերադարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքոնյանը:
Նա հայտնեց, որ ամուսնու ոտքը դեռ ցավում է, թեեւ տանն արդեն կարողանում է ազատ տեղաշարժվել:
Նշենք, որ Արսեն Ավետիսյանի մոտ հայտնաբերվել էր քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ: Նա հիվանդանոցից դուրս է գրվել օգոստոսի 20-ին:
Հիշեցնենք, որ ըստ Արսեն Ավետիսյանի կնոջ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին իր ամուսնուն հրավիրել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին Արսեն Ավետիսյանը հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել ՀՖՖ նախագահի հետ: Օգոստոսի 25-ին գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվելու:




























