Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հունիսի 11-ին ճոճանակի ընկնելու հետեւանքով մահացած 12-ամյա երեխայի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. հունիսի 11-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12-ամյա մի աղջիկ բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։ Երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նշենք, որ կարուսելները վերջերս էին տեղադրվել այդ տարածքում։ Բնակիչների խոսքով՝ կարուսելը, որի ընկնելու հետեւանքով երեխան մահացել է, նորմալ ամրացված չի եղել: