Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները բողոքի նամակ են ուղարկել՝ կապված «Ադրբեջանական գհուղ Պալե Ռուայալի սրտում» միջոցառման հետ, որը սեպտեմբերի 3-ին անցկացնելու է Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանը: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Հայկական կազմակերպության ղեկավարների խոսքով, իրենք ցնցված են, որ այդ պետությանը պատիվներ են ցուցաբերելու եւ այն ներկայացնելու են որպես «հանդուրժողականության երկիր»՝ այնտեղ իրականացվող դաժան բռնաճնշումների եւ Հայաստանի հանդեպ վրդովվեցուցիչ սպառնալիքների ֆոնին: Նրանք քաղաքապետին խնդրել են ամբողջությամբ չեղյալ հայտարարել ադրբեջանական քարոզչությանն ուղղված այս միջոցառումը:

«Այդ նախաձեռնությունը ցնցում է մեզ, բայց չի զարմացնում, եթե հաշվի առնենք, թե սեփական վարկանիշը բարձրացնելու համար ինչպիսի միջոցներ է օգտագործում այդ պետությունը, որը «Transparency International»-ի կոռուպցիայի վարկանիշում 180 երկրների ցանկում 125-րդ տեղն է զբաղեցնում: Հարկ է իմանալ, որ այս միջոցառումը կայանալու է այն բանից հետո, երբ իրավապաշտպան Լեյլա Յունուսը, որն արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի, դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման»,- նշել են կազմակերպության համանախագահները: