ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում բռնությունների էսկալացիան, որը պայմանավորված է աշխարհազորայինների կողմից հարձակումների ուժեղացումով, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ, մասնավորապես,  ասված է, որ զրույցի ժամանակ Օբաման նշել է Ուկրաինայի առաջընթացը ՝ խաղաղ կարգավորման ծրագրին համապատասխան պարտավորությունների կատարման հարցում ու շեշտել, որ Ռուսաստանը պետք է նույնը անի, հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով AP-ին։ 

Բացի դրանից, ԱՄՆ նախագահը գովել է Անգելա Մերկելին՝ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծմանն ուղղված աշխատանքների համար։ Օբաման, մասնավորապես, նշել է Գերմանիայի կանցլերի վերջերս կայացրած որոշումը՝ սիրիական փախստականներին ապաստան տրամադրելու մասին, որի նպատակն է  թեթեւացնել   սահմանակից երկրների ծանրաբեռնվածությունը։