Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը հույս ունի, որ արդեն հոկտեմբերին կազմակերպությունը Իսրայելի հետ բանակցություններ կսկսի ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ։

Ինչպես հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, բանակցությունները կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ անդամ երկրների նախագահները (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ընդունեն համապատասխան որոշումը։

ԵՏՄ կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւի խոսքով՝ Իսրայելի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը դժվար թե էական ազդեցություն ունենա ԵՏՄ երկրների տնտեսության վրա։ Նա միաժամանակ նշել է, որ համաձայնագիրն անխոս դրական կլինի, քանի որ դեղագործության, գյուղատնտեսության, հեռուստահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներ է բացում։