«Ոչ թալանին» նախաձեռնությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Արթուր Քոչարյանը:

«Երկրում եղած խնդիրները վերանայելու, դրանցով զբաղվելու փոխարեն իշխանությունները սահմանադրական բարեփոխումներ են իրականացնում: Մենք հոսանքի խնդիրը իշխանությունների կոկորդին ոսկոր դարձնելով` միեւնույն ժամանակ, պայքարելու ենք, որ սահմանադրական բարեփոխումները չիրականան: Դա լուրջ խնդիր է, եւ մենք որպես քաղաքացիներ իրավունք ունենք պայքարելու Սահմանադրական բարեփոխումների իրականացումը թույլ չտալու համար: Եվ հոսանքի, եւ սահմանադրական բարեփոխումների խնդիրը վերաբերում է բոլորին: Կոչ ենք անում  քաղաքացիներին սեպտեմբերից միանալ մեր պայքարին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը  Հայաստանի Ազգային Ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը սկսել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանադրական փոփոխությունների  նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել: