Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է այն քրեական գործի հետաքննությունը, որը հարուցվել էր 2014-ի հոկտեմբերին Վնուկովո օդանավակայանում Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժըրիի Falcon ինքնաթիռի ջախջախման առիթով:

Քննիչները աղետի հիմնական պատճառ են համարել ինքնաթիռի բախումը ձյունահավաք մեքենային, որը, կանոնները խախտելով, դուրս էր եկել թռիչքուղի:     Falcon-ի ջախջախման լրացուցիչ գործոններ են համարվել «դիսպետչերի կողմից ավիացիայի կանոնների խախտումը»: Ինչպես նշում են քննիչները, դիսպետչերները հնարավորություն ունեցել են կանխարգելել  Falcon-ի բախումը ձյունահավաք մեքենայի հետ, հաղորդում է РБК-ը:

2014-ի հոկտեմբերի 21-ին Falcon ինքնաթիռը, որը պիտի թռչեր Փարիզ, թափ հավաքելիս բախվել էր ձյունահավաք մեքենային եւ բոցավառվել էր: Արդյունքում զոհվել էին անձնակազմի երեք անդամները եւ ֆրանսիական  Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժըրին: