Թուրքիայում քրդաբնակ շրջաններում ինքնավարություն հայտարարելու գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Նուսայբինի քաղաքապետն ու քրդական «Տարածաշրջանային դեմոկրատական կուսակցության» (DBP) Նուսայբինի շրջանի կառույցի ղեկավարը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Նուսայբինի ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 28-ի առավոտյան գործողություններ են իրականացրել եւ  ինքնավարություն հայտարարելու համար ձերբակալել Նուսայիբինի քաղաքապետ Սառա Քայային եւ DBP-ի Նուսայբինի շրջանի կառույցի ղեկավար Զիյնեթ Ալգանին։

Նույն գործով եւս 3 հոգու նկատմամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Նշենք, որ Էրդողանի կողմից քրդերի դեմ սանձազերծած հարձակումներին ի պատասխան, քրդաբնակ մի շրջանների քաղաքապետեր հայտարարել են ինքնավարության մասին։ Ոստիկանությունը ձերբակալել է ինքնավարություն հայտարարած մի շարք քուրդ քաղաքապետերի եւ քուրդ գործիչների։