Հայաստանից գաղթում են ոչ միայն գործազրկության պատճառով, այլեւ աշխատանքի ցածր վարձատրության: Այդ մասին օգոստոսի  28-ին լրագրողներին ասել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Եթե հրաշքով վաղը Հայաստանում նույնիսկ այնքան աշխատատեղ ստեղծվի, որքան գործունակ բնակչության  թիվն է, արտագաղթը չի դադարի: Որովհետեւ մարդիկ նորմալ վարձատրություն են ուզում, ընդգծել է Եգանյանը: 

Նման մտածողությունը ելնում է հայ ընտանիքի մենթալությունից, որը չի փոխվել նույնիսկ դժվարին 90-ականներին:

«Մարդիկ ավելի աղքատացել են, բայց աղքատների մտածողությանը չեն հարմարվել: Նրանք առաջվա պես իրենց երեխաների համար հնարավորինս լավ պայմաններ են ցանկանում», - նկատել է ժողովրդագիրը:

Դրա համար էլ երեխաների ծննդի համար տրվող միանվագ նպաստները չեն կարող օգնել: Մասնավորի ոլորտում լավ վաստակի ավելի շատ հնարավորություններ են անհրաժեշտ:  «Բայց մեր տնտեսության մենաշնորհացման պայմաններում մասնավոր նախաձեռնություններին զարգացման ոչ մի հնարավորություն չեն տալիս: Դրա համար էլ մարդիկ իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապում», - ամփոփել է Եգանյանը: