ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գավառ քաղաքում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ Ս.Ղարաբաղցյանը եղբոր՝ Է.Ղարաբաղցյանի եւ Գավառ քաղաքի բնակիչ Գ.Զոլյանի հետ Գավառում գործող խանութներից մեկի  մուտքի մոտ տեղադրված տերմինալից կատարել են լիցքավորում։

Այդ ընթացքում խանութ է մուտք գործել նույն քաղաքի բնակիչ Է.Կարապետյանը, ով ինչպես խանութ մտնելիս, այնպես էլ դուրս գալիս ուսով հարվածել է Գ.Զոլյանին՝ ասելով «մի կողմ գնա, արա՛»։ Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ  Է.Կարապետյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նախ՝ Գ. Զոլյանի աջ ազդրին, ապա՝ Ս.Ղարաբաղցյանի նստատեղի ձախ հատվածին՝ երկու դեպքում էլ պատճառելով թեթեւ մարմնական վնաս։ Վիճաբանությանը միջամտել են նաեւ այլ անձինք, ովքեր քաշքշել են Ղարաբաղցյան եղբայրներին եւ Գ.Զոլյանին։

Քիչ անց դեպքի վայր են ժամանել նաեւ Ս.Ղարաբաղցյանի հայրը՝ Գարսեւան Ղարաբաղցյանը եւ հարազատները։ Քննությամբ պարզվել է, որ Է.Կարապետյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, դանակով մեկ անգամ հարվածել է նաեւ Գ.Ղարաբաղցյանի ձախ նստատեղին, որից հետո իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին:

Մարմնական վնասվածքներ են պատճառվել նաեւ Գ.Ղարաբաղցյանի քրոջ դստերը՝ Թ.Միքայելյանին, եւ Ա.Մաթոսյանին։ Ս. եւ Գ.Ղարաբաղցյանները, Գ.Զոլյանը, Թ.Միքայելյանը եւ Ա.Մաթոսյանը դիմել են Գավառի բժշկական կենտրոն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Է.Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է սեւ ծալովի դանակը եւ «Մակարով» տեսակի օդաճնշիչ ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է։