Ամերիկյան ադմինիստրացիան Իսրայելի կառավարության հետ շարունակում է ակտիվ երկխոսությունն անվտանգության հարցերի շուրջ՝ քննարկելով մասնավորապես նոր սերնդի ՀՀՊ համակարգերի ստեղծման նպատակով համագործակցության հնարավորությունը: Այդ մասին նախագահ Բարաք Օբաման հայտնել է ԱՄՆ –ի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հեռակոնֆերենցիայի ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը օգնել էր Իսրայելին՝ Arrow ՀՀՊ համակարգի մշակման հարցում:
AP գործակալությունը հայտնում է, որ Օբաման հեռակոնֆերենցիայի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հարցին, որն առաջացրել էր Իսրայելի կառավարության վճռական առարկությունները, լրջորեն վատացնելով ԱՄՆ ադմինստրացիայի հետ նրա հարաբերությունները:
Նախագահը փորձել է հարթել Իսրայելի հետ տարաձայնությունները ՝ համեմատելով դրանք « ընտանեկան թեթեւ վեճի» հետ:
Նա ընդգծել է, որ Միացյալ նահանգները առաջվա պես հետամուտ են լինելու Մերձավոր արեւելքում իրենց գլխավոր դաշնակցի անվտանգությունն ապահովելուն:
Օբաման վստահություն է հայտնել, որ ամերիկա-իսրայելական հարաբերությունները բավականաչափ արագ կսկսեն բարելավվել, հենց որ միջազգային համայնքը ու Իրանը անցնեն միջուկային գործարքի իրականացմանը, եւ Իսրայելը կարողանա համոզվել, որ համաձայնագիրը համապատասխանում է բոլոր երկրների անվտանգության շահերին:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ ԱՄՆ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Օբամայի տելեկոնֆերենցիան անցել է փակ դռների հետեւում: Այդ զրույցի ձայնագրությունը Սպիտակ տունը չի հրապարակել:





























