Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ չի համարում, որ կառավարությունը խոշոր բիզնեսի համար սուբսիդավորի հոսանքի ավելացված արժեքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
«Մենք հայտարարեցինք, որ կօգնենք նաեւ փոքր ու միջին բիզնեսին: Չեմ կարծում, թե ճիշտ կլինի Քաջարանի կոմբինատին սուբսիդավորել, կամ ցեմենտի գործարանին, կամ մյուսին: Ինչի՞ համար պետք է սուբսիդավորենք: Եթե մենք լրացուցիչ գումարներ ունենք, կուղղենք թոշակները, նպաստները բարձրացնելուն»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչեւ ՀԷՑ խորհրդատվության ավարտը կառավարությունը բնակչության փոխարեն կսուբսիդավորի հոսանքի ավելացված արժեքը: Նա նշեց, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կորոշվի, թե որ ընկերությունն է անցկացնելու աուդիտը ՀԷՑ-ում:





























