Դիարբեքիրից Հայաստան ժամանած Էրդալ Մերկանը, որին մերժել էին մկրտել Հայ առաքելական եկեղեցում, մկրտվելու է Հայաստանում, սակայն հաջորդ տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Արեւտմահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը:
«Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս, որ Էրդալ Մերկանը գա Հայաստան եւ մկրտվի: Կարծում եմ՝ հաջորդ տարի միայն նրան կհաջողվի Հայաստան գալ»,- ասաց Արագած Ախոյանը՝ նշելով, որ մկրտության կնքահայրն ինքն է լինելու:
Նշենք, որ Մերկանը Հայաստանում մերժում ստանալուց հետո Թուրքիայում փոփոխություն է կատարել անձնագրում եւ դավանանքը դարձրել «հայ քրիստոնյա», որպեսզի կարողանա մկրտվել Հայ առաքելական եկեղեցում:
Հիշեցնենք, որ Էրդալ Մերկանն օգոստոսի սկզբին Հայաստան էր ժամանել՝ մկրտվելու նպատակով: Հայ առաքելական եկեղեցին հրաժարվել էր մկրտել նրան:




























