Նախագահական նստավայրի առջեւ այս պահին բողոքի ցույց  է ընթանում։ Այնտեղ են հավաքվել 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներին» պատկանող 3ԱԿ-40 օդանավի զոհված օդաչուների կանայք, ովքեր դժգոհում են պետության կողմից անուշադրության մատնված լինելու փաստից։

Ավիավթարի ժամանակ զոհված օդաչու Համլետ Օհանյանի կինը՝ Լարիսա Օհանյանը NEWS.am-ի թղթակցի հետը զրույցում ասաց։ «Ես 4 անչափահաս երեխաների եմ պահում։ Արդեն 3 տարի է պետության կողմից որեւէ գումար , աջակցություն չեմ ստացել։ Ինչպե՞ս մեծացնեմ երեխաներիս»:

Նույն վթարի ժամանակ զոհված ավիատեխնիկ Սարգիս Գրիգորյանի քույրն էլ նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ եղբոր մահվանից հետո դրամական օգնություն ստացող հայրը մահացել է եւ 3-4 տարի է, ինչ իրենց ընտանիքը պետության կողմից որեւէ աջակցություն չի ստանում։ «Ամեն հիգշաբթի կառավարության շենքի առջեւ ենք կանգնած, սակայն ապարդյուն»,- նշեց նա։

ԻԼ-86-ի հրամանատար Գագիկ Միրզոյանն էլ ավելացրեց, որ 2001-ին բոլոր օդաչուները զոհվել են աշխատանքի պահին, ինչը նշանակում է, որ պետությունը պարտավոր է մինչեւ չափահաս դառնալը դրամական օգնություն ցուցաբերել նրանց երեխաներին։ «Բայց այդ գումարները 3-4 տարի է՝ չեն տալիս։ Բացի այդ, այստեղ հավաքված են նաեւ աշխատանքի պահին վիրավորված եւ հաշմանդամ դարձած օդաչուներ։ Նրանք բոլորն էլ 2-րդ կարգի հաշմանդամներ են, սակայն 4 տարի է, որ նրանցից ոչ մեկը հաշմանդամության թոշակ չի ստացել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ներկա բոլոր օդաչուներն էլ շահել են համապատասխան գործերով դատերը, սակայն անգամ դրանից հետո նրանց իրավունքները չեն վերականգնվել։

Հարցին, թե չե՞ն պատրաստվում, արդյոք, ավիավթարում զոհված օդաչուների հարազատները եւ հաշմանդամ օդաչուները դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, Միրզոյանն ասաց, որ իրենք արդեն դիմել են այդ մարմնին, սակայն իրենց ուղարկած դիմում-բողոքը գործը քննողներին չի հասել։ «Ասում են՝ ձեր ներկայացուցիչը չի թողել, որ թղթերը հասնեն իրենց նպատակին։ Սակայն մենք պատրաստվում ենք դիմել նաեւ երկրորդ անգամ»,- ամփոփեց Գագիկ Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ իրենց բողոքի ձայնին ականջ կդնեն նաեւ հայաստանյան իշխանությունները։

Հիշեցնենք, որ 2001 թվականին Իրանում վթարի էր ենթարկվել հայկական ավիաուղիներին պատկանող 3ԱԿ-40 օդանավը, որի հետեւանքով զոհվել էր 30 մարդ, այդ թվում Իրանի տրանսպորտի նախարարը, պատգամավորներ եւ ինքնաթիռի ողջ անձնակազմը: Զոհվածների թվում էին նաեւ 5 հայ օդաչուներ։