Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) դասախոսների աշխատանքից ազատման մասին տեղեկատվության կապակցությամբ, մեկնաբանություն է տարածել համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, նշելով, որ համալսարանիզ ազատվել է 29 դասախոս:

Մորզելեկի հայտարարության մեջ նշվում է, որ համալսարանի տարբեր` մարքեթինգի, ֆրանսերենի, էկոնոմիկայի, օտար լեզուների, հաշվապահության եւ ֆինանսների ու իրավունքի ամբիոնների որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ:

«Աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է նաեւ մեր համալսարանի երկու շրջանավարտների հետ, ովքեր պատրաստում են դոկտորական ատենախոսություն Լիոն 3 համալսարանում եւ այս տարի զբաղված են իրենց գիտական աշխատանքը ավարտելով, իրավունքի ամբիոնի 84-ամյա մեկ դասախոսի, ինչպես նաեւ անգլերեն լեզվի այն դասախոսների հետ, ովքեր նույնիսկ համալսարանի կողմից վճարված վերապատարաստման դասընթացի ավարտին Բրիտանական խորհրդի կողմից անցկացված քննության արդյունքում չեն ապահովել որակավորման անհրաժեշտ մակարդակ: Աշխատանքից ազատված 29 դասախոսները կազմում են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 14,8 տոկոսը:

Նշված դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի դադարեցումը մանկավարժական եւ վարչական կառավարման ընթացիկ գործընթաց է եւ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացվող նախապատրաստական աշխատանքների մաս է կազմում ու պայմանավորված է համալսարանի կողմից որակյալ կրթություն տրամադրելու պահանջով: Անհրաժեշտ է նշել, որ Համալսարանի շրջանավարտների շուրջ 70 տոկոսի Հայաստանում աշխատանքի տեղավորման ցուցանիշը ապահովվում է առաջին հերթին մեր դասախոսական անձնակազմի արհեստավարժության շնորհիվ:

Համալսրանի վերոնշյալ դասախոսների հետ կնքված պայմանագրերը դադարցվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին:

Ցավալի է, որ վիճարկվող խնդիրը, լինելով համալսարանի կառավարման ընթացիկ հարց, շահարկվում է վերոնշյալ դասախոսներից մի մասի կողմից, ովքեր լրատվամիջոցներում եւ տարբեր ատյաններին ուղղված նամակներում փաստերը ներկայացնում են խեղաթյուրված, չխորշելով նույնիսկ հանդես գալ այլ մարդկանց անունից, ինչպես նաեւ ուսանողներին հրահրել են բոյկոտելու ուսումնական գործընթացը սեպտեմբերի սկզբին, ինչը անընդունելի է հատկապես մանկավարժական էթիկայի տեսակետից»,- ասված է ռեկտորի հայտարարության մեջ: