Հայաստանում հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 2029 միավորով կամ 20 տոկոսով: Առանձնատների առքուվաճառքի գործարքները պակասել են 690 միավորով կամ 11 տոկոսով: Թեպետ անկման տոկոսն էական է, այս փաստը սենսացիա համարելը չափազանցություն կլիներ: Չէ՞ որ արդեն երկար տարիներ շարունակ՝ 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանում բնակարան գնողների թիվը նվազելու միտում է ցույց տալիս:
Հիշեցնենք, որ 2007թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վաճառվել էր մոտ 12 հազար բնակարան եւ ավելի քան 7.4 հազար առանձնատուն: Դրանից հետո բնակարանների վաճառքը պակասել է մոտ 27 տոկոսով, իսկ առանձնատներինը՝ 34:
Բանն այն է, որ շատ քաղաքացիներ արդեն հասցրել են բնակարաններ եւ առանձնատներ գնել: Ընդ որում նորահարուստների դասը չի համալրել իր շարքերը, քանի որ սոցիալական վերելակն ուղղակի տեղում դոփում է: Ավելի շուտ հակառակն է տեղի ունենում, մեծանում են երկրում աղքատության ծավալները:
Այդ ամենը բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի, այդ թվում՝ բնակարանների վրա: Ժողովուրդը վաղուց արդեն իրավիճակը հստակ բնութագրել է հետեւյալ կերպ. «Վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները»: Պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ վերջին տարիներին արտագաղթի ակտիվացումը նույնպես նպաստել է բնակարանի շուկայում առաջարկի եւ պահանջարկի բալանսի խախտմանը:





























