Հենաշարժողական խնդիրներ ունեցող 4.5-ամյա Լուսինեի բուժման համար անհրաժեշտ 1500 դոլարն արդեն հավաքվել է: NEWS.am–ի հրապարակումից հետո Լուսինեի ընտանիքին օգնության ձեռք մեկնած բարերարները գումարը մորը՝ Հեղինեին են փոխանցել օրեր առաջ:
Հիշեցնենք, որ 4.5-ամյա Լուսինե Թերոյանը հենաշարժողական խնդիրների պատճառով ինքնուրույն քայլել չի կարողանում։ Բժիշկները խորհուրդ են տվել ֆիզիոթերապևտիկ բուժում ստանալ: Վերջին երեք տարիների ընթացքում Լուսինեն պարբերաբար ֆիզիոթերապևտիկ բուժում է ստացել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում: Մի քանի տարի տևած բուժումը, սակայն, գրեթե օգուտ չի տվել: Տեսնելով, որ բուժման այս եղանակն էֆեկտիվ չէ, բժիշկներն առաջարկել են լազերային բուժման կուրս անցել Տուլայում: Ծնողները, սակայն, դա անելու հնարավորություն չունեն:
Բազմանդամ ընտանիքը 4 երեխաների հետ ապրում է Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում ՝ինքնաշեն տնակում: Եկամտի միակ աղբյուրը 47.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է ու երկու երեխաների համար տրվող հաշմանդամության թոշակը:
Այժմ, երբ Տուլայում բուժում անցնելու համար անհրաժեշտ գումարը կա, ընտանիքը զբաղված է փաստաթղթերի պատրաստմամբ ու համապատասխան բժշկական հետազոտություների փաստաթղթերը հավաքելով։




























