Ամերիկյան Լինչբերգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) Լիբերթի համալսարանի ռեկտոր Ջերրի Ֆոլուելն ուսանողներին ու դասախոսներին կոչ է արել պարապմունքներին զենքով գալ: Նա կարծում է, որ այդ ձեւով կարելի է պաշտպանվել ուսումնական հաստատության վրա ահաբեկիչների հնարավոր հարձակումներից:

«Եկեք նրանց դաս տանք, եթե նրանք երբեւէ այստեղ հայտնվեն: Ես միշտ կարծել եմ, որ եթե մարդկանց մեծ մասին թույլատրվեր զենք կրել, ապա մենք կկարողանայինք մահմեդականների հարցերն ավելի շուտ լուծել, քան նրանք կհասցնեին մեզ մոտ գալ»,- հայտարարել է Ֆոլուելը: Նա ճշգրտել է, որ Քալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում զանգվածային սպանություններից հետո սկսել է իր մոտ ատրճանակ պահել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշում են, որ ռեկտորի արտահայտությունները ծափահարություններով են դիմավորել, սակայն որոշ ուսանողներ տեսակետ են արտահայտել, որ նա չափից հեռու է գնացել: Հետագայում Ֆոլուելը The Blaze պարբերականին պարզաբանել է, որ ոչ թե բոլոր մահմեդականներին նկատի ուներ, այլ բացառապես ահաբեկչական խմբավորումների անդամներին: