Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, նոյեմբերի կեսին մրգերի գները տարվա կտրվածքով նվազել են 15,7 տոկոսով (այդ թվում նաեւ` Երեւանում 14,0%), իսկ բանջարեղենի եւ կարտոֆիլի գները` 9,4 տոկոսով (մայրաքաղաքում` 8,9 տոկոսով): Առաջին հայացքից այդ թվերը, թվում է, կասկածելի են: Եվ իրականում, տարիներ շարունակ բոլոր ապրանքները անշեղորեն թանկանում էին, իսկ այժմ հանկարծ էժանացել են:
Սակայն այդ թվերն արտացոլում են հանրապետության բնակչության վճարունակության իրական տեղաշարժեր, որոնք կապված են արտաքին տրանսֆերտների հսկայական անկման հետ: Դրա հետեւանքներից մեկը ընթացիկ գներով մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի կրճատումն է: Պարզ ասած, շատերը ստիպված են անցյալ տարվա համեմատ ավելի քիչ փող ծախսել ապրանք գնելու համար:
Իր դերն է խաղում նաեւ ապրանք սպառողների թիվը: Դեռեւս ընթացիկ տարվա ապրիլին նշվում էր, որ Հայաստանում հացի արտադրության կրճատումը կապված է բնակչության քանակի նվազման հետ: Գնորդներն ավելի քիչ են, ինչի հետեւանքով ավելի բարդ է կամայական եղանակով բարձրացնել զանգվածային սպառման մթերքների գները:
Բայց, մեղրի տակառը (գնորդների համար, իհարկե) զերծ չմնաց մի գդալ կուպրից: Առանձին բանջարեղենների եւ մրգերի գները տարվա ընթացքում նկատելիորեն բարձրացել են: Այսպես, վարունգը թանկացել է 28,6 տոկոսով, գազարը` 13,5 տոկոսով, կաղամբը` 14,3 տոկոսով: Աննշան կերպով ավելացել է նաեւ ներկրվող կիտրոնների եւ բանանների գինը: Դրան ի հակակշիռ, զգալիորեն նվազել են բուսաբուծական մի շարք մթերքների գները: Խնձորն էժանացել է գրեթե 30 տոկոսով, տանձը` մոտ 10 տոկոսով, կարտոֆիլը` համարյա 30 տոկոսով:
Գյուղատնտեսական արտադրանքի գների նվազումը բավականին տհաճ փաստ է ինչպես վերագնողների, այնպես էլ իրենց` այդ արտադրանքի արտադրողների համար: Պաշտոնական տվյալների համաձայն գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին տարեկան հաշվարկով ավելացել է 11,6 տոկոսով: Իսկ արտադրողների գները իրացված գյուղատնտեսական արտադրանքի վրա նվազել են գրեթե 30 տոկոսով: Այսինքն ընդհանուր առմամբ արտադրանքի իրացումից ֆերմերների եկամուտը նվազել է:
Սմբատ Գրիգորյան



























