«Վերնիսաժի» գործով դատախազը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկելով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսային՝ Գոռ Առաքելյանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի որոշումը: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ դատախազը, որը 9 տարվա ազատազրկում էր պահանջում, համաձայն չէ 6,5 տարվա ազատազրկման որոշմանը:

 Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չեն բողոքարկել նաեւ մյուս ամբաստանյալների՝ 2 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Մելքոնյանի, եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբանները:

Նշենք, որ Հովհաննիսյանն ու Մելքոնյանն իրավունք ունեն՝ պատիժը կրել բաց կամ կիսաբաց ռեժիմով, սակայն դատապարտյալները նման ցանկություն չեն հայտնել:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի պատժի կրման սկիզբ է համարվում 2014 թ. մայիսից 18-ը, երբ նա ինքնակամ ոստիկանություն ներկայանալուց հետո ձերբակալվեց, Ներսես Մեքոնյանինը` 2014թ. հունիսի 6-ը, Վալերիկ Հովհաննիսյանինը` հունիսի 3-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):

Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):