«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արայիկ Սարգսյանը մեղադրվում է խարդախության փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ՔԿՀ-ից զանգահարել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Դավթյանին եւ ներկայացել՝ որպես Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան: Սարգսյանը Դավթյանին «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու խոստումով պահանջել է նրա փաստաթղթերը փոխանցել Միքայելյան ազգանունով անձնավորությանը: Հետագայում Արայիկ Սարգսյանը ծանոթի՝ Վահե Միքայելյանի միջոցով և պարբերաբար զանգահարելով Արմեն Դավթյանին, վստահեցրել է նրան, որ տնօրենի պաշտոնին նշանակվելու համար անհրաժեշտ է 1 մլն դրամ, որը պետք է փոխանցել պահանջվող փաստաթղթերի հետ:
Արմեն Դավթյանը գրավոր հաղորդում է տվել Ազգային անվտանգության ծառայությունում, որի արդյունքում Արայիկ Աարգսյանին չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել:
Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:



























