Էրդողանին պետք է ճնշման տակ դնել, որպեսզի նա վերջապես դադարի գաղտնի հովանավորել ահաբեկիչներին եւ փակի իր սահմանները ԻՊ-ի համար։ Այս մասին Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագում Ձախերի խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը՝ նկատելով, որ Սիրիայում հիմա կռվում է 15 պետություն, որոնք չունեն որեւէ միասնական ռազմավարություն, իսկ Թուրքիան, օրինակ, միանշանակ լրիվ ուրիշ առաջնայնություններ ունի։
«Նույնը վերաբերում է Սաուդյան Արաբիային, որի հարուստ ընտանիքները առատորեն ֆինանսավորում են ԻՊ-ին»,- ասել է պատգամավորը։
Քաղաքական գործիչը վստահ է, որ Արեւմուտքի ռազմական միջամտությունն օգնում է ԻՊ-ին։ «Ռմբակոծությունների հետեւանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվում։ Դա ատելություն է ծնում։ Եվս մեկ խնդիր է այն, որ ԱՄՆ-ն ուզում է ոչ միայն ԻՊ-ի դեմ պայքարել, այլ ավելի շուտ տապալել Ասադին»։
«ԱՄՆ-ն պետք է դուրս բերի իր ռազմական ուժերը տարածաշրջանից։ Այդ նրա սկսած պատերազմները, եւ առաջին հերթին Իրաքի պատերազմը, ծնեցին նման հրեշի, ինչպիսին ԻՊ-ն է»,- ասել է գերմանացի պատգամավորը։
Նրա կարծիքով, ճիշտ կլիներ միասնական ռազմավարություն մշակել, որով նրանք իրոք կպայքարեին ԻՊ-ի դեմ, եւ Վիեննայի կոնֆերանսով սկսված խաղաղության որոնման այդ ուղին պետք է շարունակել։
Ինչ վերաբերում է Թուրքիային, Սառա Վագենքնեխթի խոսքով, ԵՄ-ն ուզում է 3 մլրդ եվրո տրամադրել Անկարային սահմանը փախստականների առջեւ փակելու նրա խոստումների դիմաց։ Բայց դրա հետ մեկտեղ Թուրքիան բաց է թողնում ԻՊ-ի հետ սահմանը։ Ամեն գիշեր հարյուրավոր զինված ջիհադականներ այդ ճանապարհով միանում են պատերազմին։ «Քանի դեռ Էրդողանը շարունակում է ահաբեկիչների կնքահոր դեր խաղալ, այս կեղտոտ գործարքները կշարունակվեն»,- նշել է Բունդեսթագի պատգամավորը։




























