Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում  նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւաքով մասնակիորեն ու ամբողջությամբ տուժած 85 տների բնակիչները սեփական ուժերով վերանորոգել են իրենց տան կտուրներն ու լուսամուտները` հետագայում փոխահատուցում ստանալու ակնկալիքով: NEWS.am-ի հետ զրույցում Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանը նշեց, որ Վարդենուտի համայնքին քամու հասցրած վնասները վերականգնելու համար հատկացվել է ավելի քան 3 մլն դրամ, որը մի քանի օրից տրվելու է բնակիչներին:

«Այսօր փոխմարզպետն է զանգել ինձ, հրավիրել են գումարը ստանալու: Հենց ստանանք գումարը` անմիջապես սկսելու ենք դեռ չվերանորոգված տների վերանորոգումն ու փողը հատկացնելու ենք իրենց փողերով քամուց տուժած տները վերանորոգած բնակիչներին: Քամուց վնասված գազի խողովակներն արդեն վերանորոգվել են»,-ասաց Կամո Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին  ուժեղ քամու հետեւանքով տուժած տների բնակիչները, որոնք զրկվել էին իրենց տանիքներից կամ էլ լուսամուտներից, ստիպված ժամանակավորապես իրենց հարազատների տանն են մնում:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին, ուժեղ քամին քշել էր գյուղերի շուրջ 30-60 տան տանիք, ջարդել տան լուսամուտները, ծառերը կոտրել եւ գցել գազի խողովակների վրա, որի հետեւանքով դրանք վնասվել էին: