Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականությունը Թուրքիային տարածաշրջանում մեկուսացման մեջ է գցել։ Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի խորհրդարանաի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Իդրիս Բալուքենը։
Քրդական ANF-ի հետ զրույցում Իդրիս Բալուքենը նշել է, թե Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում ու հատկապես Սիրիայում տապալվել է։ Նա, անդրադառնալով Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայք ներխուժած թուրքական զինվորների խնդրին, պատասխանել է, թե Սիրիայում տապալվելուց հետո Թուրքիան Մոսուլի քայլով փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում դեռ ուժ է ներկայացնում։




























