Գյումրիում սահմանադրական փոփոխությունների  «Ոչ»-ի հաղթանակը նորմալ է համարում Գյումրիից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը։  NEWS.am-ի հետ զրույցում, նա ասաց,  որ  ակնկալիքները Գյումրիից ավելի ցածր էին։ Նշենք, որ այստեղ նախնական արդյունքների համաձայն` «Այո »-ի օգտին 40.75% է քվեարկել,  «Ոչ»-ի օգտին` 52.25%:  Թեմայի շուրջ  զրուցել ենք  Մարտուն Գրիգորյանի հետ։

Պարոն Գրիգորյան, Գյումրիում «Ոչ»-ի հաղթանակը Ձեզ ուրախացրե՞լ, թե՞ տխրեցրել է։

Ճիշտն ասած, ինձ  համար նորմալ է, եւ բոլորի համար է այդպես,  գյումրեցիներին բոլորը լավ գիտենալով՝ Գյումրիից ակնկալիքներն այնքան էին, ինչքան որ կա։ Սա այնքանով է նորմալ, որ ժողովուրդը խնդիր ունի ու բարձրաձայնում է դրա մասին։ Այսօր ժողովրդի ձեռքը հնար չկա եւ ընտրությունների ժամանակ  իր դիրքորոշումը հայտնում է։ Բայց եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, կտեսնենք, որ «Այո»-ի բավականին աճ կա, քանի որ 20 քանի տոկոսից հետո 40-ից ավել տոկոս արդյունք ապահովելը, դա  մեծ բան է համարվում։ Էսօր բոլորս գիտենք, որ նույն իշխանությունը ակնկալում էր 30 տոկոս քվե, այնպես չէր, որ իշխանությունը Գյումրիից 60 տոկոս արդյունք էր ակնկալում։ Սա իրատեսության արդյունք է։ Իշխանությունն էլ գիտի, որ էսօր լուրջ խնդիրներ կան Գյումրիում ու այդ ունենալով հանդերձ՝ իրենք էլ գիտեն գյումրեցիներից մոտավոր ինչ հնարավորություն ունեն։ Վարչապետն էլ ընտրությունից առաջ Գյումրիում խոսեց 30 տոկոսի մասին, իրենք էլ գիտեն, որ ավելին ցանկալի արդյունք չի լինելու եւ դրանից մի քանի օր հետո նախագահն էլ կանչեց քաղաքապետին ու Գյումրիում 23 միլիոնանոց ծրագիր խոստացավ ու ասեց, որ ձեռքերը չեն քաշել Գյումրիից՝ իմանալով, որ արդյունքը  չի լինելու էն, ինչ ցանկալի էր իշխանության համար։

Նշում եք՝ այս  անգամ իշխանությունների օգտին քվեների  առաջընթաց կա, դա ինչի՞ արդյունքում է, երբ մարդկանց սոցիալական վիճակն ավելի վատացել է,իսկ Գյումրիում  հազարավոր անօթեւան ընտանիքներ կան։ Հնարավո՞ր է դա այն լուրերով է պայմանավորված, որ  մինչեւ հանրաքվեն գողականների հետ ակտիվ հանդիպում քննարկումներ էին ընթանում Գյումրիում եւ նույնիսկ  ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն էր այդտեղ նման հանդիպումներ ունեցել։ Հաշվի առնելով գողականների հետ նաեւ Ձեր առնչության մասին տեղեկությունները, նրանց ազդեցությա՞մբ հնարավոր եղավ  Ձեր նշած առաջընթացը ապահովել։

Եթե ես նմանատիպ ծրագրերում մասնակից լինեի, անպայման իմ մասին էլ կգրվեր։ Բոլորն ինձ համար ընտրողներ են։ Քաղաքական նկատառումներով ես շփվում եմ իմ ընտրողների հետ, նույնսիկ ձեր թվարկած մարդկանց հետ, ովքեր նաեւ իմ ընտրողներն են։

Հանրաքվեի արդյունքը վճռորո՞շ կլինի  հաջորդ տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի թեկնածուների հստակեցման հարցում, որոնց թվում նշվում է նաեւ Ձեր անունը,  առավել եւս որ Ձեր ընտրատարածքում կարողացել եք ապահովել «Այո»-ի հաղթանակը։  

Ես իմ առջեւ խնդիրը չեմ դրել տեղամասերում հաղթել։ Համեմատության մեջ  մեր տարածքում ունենք լավ ձեռքբերումներ, բայց բացարձակապես ոչ ես, ոչ էլ մնացածը կուզեն, որ այս ամենը ձեւակերպեն հետագա ծրագրերի վրա ու փորձենք դրա հիման վրա ավելորդ լարվածություն ստեղծել։ Ես ու նաեւ քաղաքապետը աշխատել ենք, որ դրական արդյունք լինի, ամեն մեկս մեր տեղն ունենք։

Գայանե Սարիբեկյան