ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Վահան Կարապետյանը չեն մասնակցել հանրաքվեին։ Ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի կատարել իր քաղաքացիական պարտքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ պատճառաբանելով, որ այդ իսկ պատճառով չի կարող ասել՝ ինչպես է ընթացել հանրաքվեն կամ համաձայնել ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմության պնդումների հետ։

«Ես չեմ բոյկոտել, ես ուղղակի չեմ մասնակցել քվեարկությանը, ճանապարհները փակ էին, ձյուն էր եկել, չկարողացա գյուղից գնալ քաղաք»,-ասաց Լյովա Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե հետեւել է իրենց կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի օրինակի՞ն, Խաչատրյանն արձագանքեց․ «Ոչ, ճանապարհները փակ էր, չկարողացա տեղ հասնել»։

Քվեարկությանը չի մասնակցել նաեւ նույն խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, որը «Չերրի» հյուրանոցային համալիրի սեփականատերն է։ Նախ ասաց, որ քաղաքում չի եղել, ապա փորձեց պատգամավորին հարիր հիմնավորել․ «Ես նախկինում ասել եմ՝ ինչերն եմ կարեւորում։ Երեք բան եմ կարեւորում՝ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության զարգացում, երկրորդը՝ սահմանների անվտանգության հարցն է, երրորդը՝ արտագաղթի խնդիրը։ Ինձ թվում ա սահմանադրական փոփոխությունը էս երեքից ոչ մեկի հետ կապ չունի, կարծում եմ՝ էս հարցերը չի լուծում»,-ասաց Վահան Կարապետյանը։ Դիտարկմանը, թե գնայիք ու «Ոչ» քվեարկեիք, ասաց․ «Չէ, ինչո՞ւ գնայի»։ «Այո»-ի հետ կապված էլ նշեց․ «Չեմ կարեւորել»։

Պատգամավորի թվարկած կետերով նախկինում Ծառուկյանն էլ էր կտրուկ դեմ այդ փոփոխություններին։ Մեր դիտարկմանը, թե Ծառուկյանի օրինակի՞ն է հետեւել՝ չմասնակցելով քվեարկությանը, պատասխանեց․ «Չգիտեմ՝ ով ում օրինակին է հետեւել, ես կոնկրետ չեմ մասնակցել, ինֆորմացիա էլ չունեմ՝ ով ինչ է արել»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի մասնակցել քվեարկությանը։ Ըստ հրապարակումների՝ Հայաստանում չի եղել։

Գայանե Սարիբեկյան