«Իսլամական պետությունն» իմ երկրի թշնամին է, այն ամոթանք է իմ կրոնի համար, նրանք չեն ներկայացնում իսլամը, ես նրանց մահմեդական չեմ համարում: Իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի որդին՝ 35-ամյա Բիլալ Էրդողանը: Նա Իտալիա է մեկնել կնոջ եւ 8 ու 2 տարեկան երեխաների հետ, 2013 թվականի կոռուպցիոն սկանդալից հետո, եւ հիմա Բոլոնիայի Ջոն Հոփքինսի համալսարանում միջազգային հարաբերությունների գծով գիտական աշխատանք է գրում:

BMZ-ը ծովային հետազոտություններով չի՞ զբաղվում:

BMZ-ը շինարարական ընկերություն է: Մենք Ստամբուլում գրասենյակներ ենք կառուցում: Միջերկրածովյան շրջանում մենք չենք աշխատում, Իրաքում եւ Սիրիայում՝ նույնպես: BMZ-ից բացի, որտեղ ես երկու հորեղբայրներիս հետ բաժնետեր եմ, նաեւ 5 ռեստորան ունեմ Ստամբուլում:

Գուցե խոսակցությունները ձեր եղբոր՝ Բուրաքի ընկերության մասի՞ն են:

Նա բեռնափոխադրումների ընկերություն ունի, բայց այն նախատեսված չէ նավթամթերքի համար:

Թուրքիան նավթի հումք է վաճառում: Չէ՞ր կարող նա ԻԼԻՊ-ի նավթը վաճառել՝ անգամ չիմանալով այդ մասին, հաշվի առնելով, որ մաքսանենգներն այն նաեւ Թուրքիան են հասցնում:

Այո, Թուրքիան նավթի հումք է վաճառում: Բայց եթե դիտենք Ռուսաստանի ներկայացրած քարտեզը, կարող է թվալ, որ սիրիացի քրդերը ԻԼԻՊ-ից նավթը մատակարարում են Թուփրաշի նավթավերամշակման գործարանին, որը պատկանում է Քոչ ընտանիքին: Նրանք հայտարարում են, որ նավթ ձեռք են բերում միայն օրինական աղբյուրներից: Կարող եք նրանց հարցնել՝ հավաստիանալու համար:

Ինչո՞ւ Թուրքիան չի փակում սահմանը:

Վերջին երեք տարիներին Թուրքիան ավելի խիստ է դարձել: Մենք չենք ցանկանում, որպեսզի ԻԼԻՊ-ը հարստանա: Սահմանի երկարությունը 900 կիլոմետր է, Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ, բայց մեզ համար դյուրին չէ: Մենք անվտանգության գոտու ստեղծման կոչ արեցինք: Այդպես ավելի դյուրին կլինի սահմանը վերահսկելն ու փախստականներին ընդունելը: Բայց, ցավոք, մեզ չլսեցին:

Ռուսաստանը համաձայն չէ թռիչքազերծ գոտուն:

Ով գիտե՝ ինչու... Չեմ ուզում ասել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ թշնամությունը լավ է: Մենք վաղեմի հարեւաններ եւ գործընկերներ ենք, եւ կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի, բայց չեմ կարծում, որ դա տեղի կունենա, եթե յուրաքանչյուրը միայն իր շահի մասին մտածի:

Ձեր կարծիքով, Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածության սրացում հնարավո՞ր է:

Եթե երկխոսության ուղիները փակ լինեն, ավելի լավ չի լինի: Այն, ինչ տեղի ունեցավ ռուսական ինքնաթիռի հետ, տհաճ է, բայց մենք պետք է կենտրոնանանք իրական խնդիրների՝ ԻԼԻՊ-ի եւ Սիրիայի ապագայի ուղղությամբ:

Ռուսաստանն Անկարային ուղղակիորեն մեղադրեց, բայց շատերը վաղուց են կարծում, որ Թուրքիան քրդերի հետ ավելի վատ են վերաբերվում, քան ԻԼԻՊ-ի հետ:

Ես միջազգային հարաբերությունների գծով գիտական աշխատանք եմ պաշտպանում, եւ խոսում եմ այդ դիրքից, այլ ոչ որպես իմ երկրի ներկայացուցիչ: Բայց փաստն այն է, որ մինչ երկշաբաթյա վաղեմության իրադարձությունները մենք Ռուսաստանի հետ լավ դաշնակիցներ էինք: Եթե Ռուսաստանն այդքան ակտիվ էր ԻԼԻՊ-ի դեն, ինչո՞ւ նախկինում մեզ չէին մեղադրում: Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք: Եթե Թուրքիան օգներ ԻԼԻՊ-ին, կարծում եք, ՆԱՏՕ-ն այդ մասին չէ՞ր իմանա: Բոլոր ցամաքային գործողությունները մենք համակարգում ենք մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ: Իսկ ինչ է անում Ռուսաստանը՝ մենք չգիտենք, եւ չենք կարող վստահ լինել, որ նրանք գործում են ԻԼԻՊ-ին տապալելու համար:

Արդարացի համարո՞ւմ եք Cumhurriyet-ի լրագրողների ձերբակալությունն այն ամենի համար, ինչի մասին նրանք գրում էին:

Նրանք գրել են, որ թուրքական կառավարությունը զենք է վաճառում ԻԼԻՊ-ին: Կցանկանայի իմանալ, թե որ երկրում դրան հանգիստ կվերաբերվեին:

Եթե ԻԼԻՊ-ն ընդհանուր թշնամի է, նշանակում է, Ասադի հետ կրկին մերձենալու ժամանա՞կն է:

Իսկ ո՞ւմ թշնամին է Ասադը: Եթե հետեւեք ԻԼԻՊ-ի նավթին, Ասադին կհասնեք: Հիմա նա ձգտում է գումար վաստակել ԻԼԻՊ-ի նավթի շնորհիվ, քանի որ եկամտի այլ աղբյուրներ այլեւս չունի:

Ինչպե՞ս կավարտվի այս պատերազմը:

Եթե հնարավոր լիներ Սիրիա վերադարձնել բոլոր փախստականներին՝ այդ 10 մլն մարդկանց, եւ եթե բոլորը կարողանային քվեարկել, նրանք Ասադին այլեւս չէին ընտրի: Այսպես թե այնպես, պետք է քաղաքական լուծում լինի, անցումային շրջան եւ նոր ընտրություններ: Չի կարելի կարծել, որ եթե ընտրություններում հաղթողը մեզ դուր է գալիս, նշանակում է՝ երկիրը ժողովրդավար է:

2013 թվականին Ստամբուլի դատախազը Ձեզ մեղադրեց Ձեր Turgev հիմնադրամի համար լավ գնով հողատարածք գնելու նպատակով կաշառք տալու մեջ: Բայց դատախազին հեռացրեցին աշխատանքից, իսկ ոստիկանությունը հրաժարվեց նրան ձերբակալել:

Ի վերջո ես մեղադրանքներին պատասխանեցի նոր դատախազին: Դա Գյուլենի խմբի դավադրությունն էր, պետական հեղաշրջման փորձ: Մենք գործ հարուցեցինք նրանց դեմ, ովքեր մեզ մեղադրեցին: Դատական գործընթացը կսկսվի հունվարին:

Նախկինում Գյուլենն եւ Ձեր հայրը մտերիմ ընկերներ էին: Գյուլենը Ձեր հորն օգնել է ձայներ հավաքել՝ դատարանում եւ ոստիկանությունում իր մարկանց նշանակելու դիմաց:

Այդպես է: 1990-ականներին, երբ ես դեռեւս ավագ դասարանների աշակերտ էի, հայրս Refah կուսակցության անդամ էր եւ Ստամբուլի քաղաքապետը: Ակնհայտ է, որ մենք իսլամական քաղաքական շարժմանն ենք պատկանում, ցանկանում ենք Թուրքիային աշխարհում տեսնել իր արմատներով եւ պատմությամբ: Իսկ ահա նրանք այլեւս չեն ցանկանում, որ իրենց իսլամական համարեն:

Wikileaks-ի տվյալների համաձայն, 2010 թվականին Ձեր ընտանիքը Շվեյցարիայում 8 հաշվեհամար է ունեցել: Ձեր հայրը հայտարարել է, որ խոսքը հարսանեկան նվերների եւ մի գործարարի նվերի մասին, որը վճարել է Ձեր եւ Ձեր եղբայրների ուսման համար:

Չի համապատասխանում իրականությանը: Նրանք ամեն ինչ շփոթում են: Թուրքիայում հարսանիքի ժամանակ սովորաբար փոքրիկ թուրքական ոսկե լիրա են նվիրում, որոնք նորապսակներն ամրացնում են հագուստին: Ես եւ իմ քույրերը կրթաթոշակ ենք ստացել թուրք գործարարներից: