Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորհրդարանական ընտրություններում սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո, որը հիմնադրել էր երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսը, դիմել է նախարարներին եւ խնդրել թողնել իրենց պաշտոնները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է «գնահատելու համար գործադիր իշխանության ներսում անհրաժեշտ փոփոխությունները»: Նա հավելել է, որ նախարարների խորհրդում վերակազմավորում կիրականացվի:

Մադուրոն, ով դեկտեմբերի 8-ին զինվորական հրամանատարության ուղեկցությամբ այցելել է Չավեսի դամբարան, իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է «դասակարգային ատելություն սերմանելու» մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Նա ընդդիմության օգտին քվեարկած բանվորներին զգուշացրել է, որ իրենք փոշմանելու են իրենց որոշման համար: «Հայրենիքի աշխատավորներ, իմացեք, որ դուք ունեք նախագահ, Չավեսի որդին, որը կպաշտպանի ձեզ»,-ընդգծել է Մադուրոն:

Նա հայտարարել է, որ ընտրությունները հաղթել են «վատ տղաները, որոնք, ինչպես միշտ, դա արել են ստի ու կեղծիքի միջոցով»: