«Ձորագետ 5» փոքր ՀԷԿ-ի ձկնանցարանի սխալ նախագծման եւ կառուցման արդյունքում՝ ձկնուղին չի ծառայում իր նպատակներին։ Նման բարձրությամբ արհեստական ջրթափի եւ նման քանակի ջրի պայմաններում ձկների տեղաշարժը գետի երկու ուղղությամբ հնարավոր չէ: Այս մասին ասված է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խմբի եզրակացությունում, որն այցելել է «Ձորագետ 5» փոքր ՀԷԿ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Ձորագետ 5» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Կաթնառատ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա (երկարությունը՝ 67 կմ):
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ին:
• Գլխամասային հանգույցը կառուցված է նախագծային որոշակի շեղումով: Նախագծով նախատեսված 2մ բարձրությամբ եւ 12.25մ երկարությամբ պատվարի փոխարեն կառուցված է 2.5մ բարձրությամբ եւ 17մ երկարությամբ պատվար:
• Գլխամասում առկա է բետոնից կառուցված աստիճանաձեւ ձկնացարան: Այն նախագծվել եւ կառուցվել է ձկնանցարանին ներկայացվող պահանջներին եւ նորմատիվներով սահմանված չափորոշիչներին ոչ համապատասխան: Ձկնանցարանից ներքեւ` մոտ 20 մ հեռավորության վրա, առկա է եւս մեկ պատվար` մոտ 2-2.5 մ բարձրությամբ, որտեղ բացակայում է ձկնանցարանը, ինչը գրեթե անհնար է դարձնում ձկների բնականոն տեղաշարժը դեպի կառուցված ձկնանցարան:
• Առկա է 3.70 մ երկարությամբ աղբորսիչ, որի ճեղքերի միջով կարող են մոտ 10 երկարությամբ մանրաձկներն անցնել եւ հայտնվել ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակատարում:
• ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է ձկնապաշտպան ցանցը:
• Ձորագետ գետի այն հատվածում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, ձկնատեսակներից հանդիպում է կարմրախայտը (Salmo fario): Եթե տվյալ ՓՀԷԿ-ի գլխամասից ներքեւ կառուցված չլինեին այլ հիդրոտեխնիկական կառույցներ, ապա գետում կարող էին հանդիպել նաեւ Կուրի բեղաձուկը, արեւելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը:
• ՋԹ-ի տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Ձորագետից ջուր վերցնել 12 ամիս` ապահովելով գետում 0.2 մ3/վ բնապահպանական թողք:
• «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Ձորագետ 5» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 2641658 կՎտ էլեկտրաէներգիա:
• Ճնշումային խողովակաշարի անցկացման տեխնիկական լուծումները համապատասխանում են նախագծային լուծումներին: Այն ապակեպլաստ նյութից է, մասնակի թաղված է, կատարված է ռեկուլտիվացիա: Խողովակաշարի անցկացման որոշակի հատվածներում կան սողանքային երեւույթներ, որոնք կարող են վթարային իրավիճակներ առաջացնել խողովակաշարի շահագործման համար:
• Կայանի տարածքում նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, սակայն կանաչապատման միջոցառումները բավարար չեն:
• Կայանում տեղադրված է տեղական «Ծատրյան» ՍՊԸ-ի կողմից արտադրված երկու ագրեգատ` նախագծով նախատեսված երեքի փոխարեն: Դիտարկման պահին երկու ագրեգատներն աշխատում էին 1685լ/վրկ ջրաքանակով` ապհովելով 23352 կՎտ դրվածքային հզորություն: Առավելագույն քանակի ջուր օգտագործվել է մայիս ամսին, երբ ՓՀԷԿ-ը 2 ագրեգատներով ապահովել է նախագծային հզորությունը:
• Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է: Տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով։
• Լանդշաֆտի խախտում չկա:
• Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար, նախագծային լուծումների համաձայն, կառուցվել է սանհանգույց անջրթափանց հորով:
• Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
• Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
• 2014թ-ին բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՓՀԷԿ-ում եւ նշանակել 200 000 դրամ վարչական տուգանք` 5րօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար:
Եզրակացություն
Սխալ նախագծման եւ կառուցման արդյունքում՝ ձկնուղին չի ծառայում իր նպատակներին։ Նման բարձրությամբ արհեստական ջրթափի եւ նման քանակի ջրի պայմաններում ձկների տեղաշարժը գետի երկու ուղղությամբ հնարավոր չէ:
ՋԹ-ով տրված 0,2մ3/վ բնապհպանական թողքը շատ քիչ է տվյալ գետի համար։
Ոռոգման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, քանի որ գետի ջուրն այդ հատվածում չի օգտագործվում ոռոգման նպատակներով։
Առաջարկություններ
• Իրականացնել ջրընդունիչ հանգույցի վերակառուցման աշխատանքներ`ձկնանցարանի նախագծման եւ կառուցման համար հաշվի առնելով գետի հիդրոլոգիական բնութագիրը եւ գետին բնորոշ ձկնատեսակները:
• Տեղադրել ձկնապաշտպան ցանց մինչեւ ճնշումային խողովակատարը:
• Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ցուցանիշները եւ ջրատնտեսական հաշվարկները, մասնավորապես ավելացնել բնապահպանական թողքի չափաքանակը:
• Իրականացնել բնապահպանական թողքի չափաքանակի հսկողություն` ջրառում տեղադրելով բնապահպանական թողքը չափող համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
• Իրականացնել հակասողանքային միջոցառումներ` վտանգավոր հատվածներում խողովակաշարի վթարներից խուսափելու համար:
• Տեղադրել ջրառում ջրի մակարդակի կառավարման ավտոմատ համակարդ:
• Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղահավաք համակարգ:

































