Եվրամիությունը Հայաստանին որպես անհատույց օգնություն շաբաթական մոտ 1 մլն եվրո է հատկացնում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ Երեւանում Սոցիալական ներդրումների հիմնադրամի (այժմ Տարածքային զարգացման հիմնադրամ) 20-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ, ասել է Հայաստանում Եվրամիության առաքելության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը։ Հիմնադրամը, որի հիմնական դոնորը Համաշխարհային բանկն է, Հայաստանի մարզերում զարգացման ծրագրեր է իրականացնում։
Այդ միջոցներն ուղղվում են ժողովրդավարության, գյուղատնտեսության եւ մյուս ճյուղերի օժանդակությանը։ Հիմնական նպատակներից մեկը Երեւանի եւ մարզերի միջեւ զարգացման անհավասարությունը հարթելն է։ «Բավական է Երեւանից դուրս գալ եւ 10 կմ հեռավորության վրա արդեն մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման տարբերությունն ակնհայտ է։ Այդ պատճառով անհրաժեշտ են ջանքեր, այդ թվում՝ տեղերում համաչափ զարգացման համար»,- ընդգծել է նա։



























