Հետազոտողները հավաստիացնում են, որ ուտելիքի համար մրցակցությունը, որը գոյություն ունի Ալյասկայում բնակվող սպիտակ եւ գրիզլի արջերի միջեւ, կարող է վտանգել սպիտակ արջերի հղի էգերին ու նրանց ձագերին, քանի որ նրանք այդ մրցակցության մեջ պարտվում են:
Սպիտակ ու գրիզլի արջերը ամեն աշնան հավաքվում են Ալյասկայի Կակտովիկ քաղաքի տարածքում, որտեղ նրանք գրենլանդական կետերի մնացորդները ուտելու հնարավորություն ունեն: Երկու տեսակների այդ ժամանակավոր հարեւանությունը կենսաբանների համար՝ կենդանիների փոխգործողություններին հետեւելու հազվագյուտ հնարավորություն է: Օրինակ սպիտակ արջերը, որոնք սովորաբար մեկուսի կենսակերպ են վարում, կարող են մեկ կետի մարմնի շուրջ հավաքվել մեծ՝ մինչեւ 20 կենդանու հասնող խմբերով, հայտնում է Gazeta-ն:
Կենսաբանները հավաստիացնում են, որ իրավիճակը կտրուկ փոխվում է հենց հայտնվում են գրիզլի արջերը: Չնայած այդ արջերը իրենց չափերով կրկնակի փոքր են սպիտակ արջերից, բայց նրանք իրենց բավականին ագրեսիվ են պահում, որպեսզի ուտելիքից հեռու քշեն իրենց ավելի ուժեղ մրցակիցներին, որոնք դիտարկված 137 դեպքերից 124-ում իրոք ստիպված են լինում հրաժարվել կետի միս ուտելու մտադրությունից: Հետազոտողների կարծիքով, այս իրավիճակը կարող է միանգամայն անբարենպաստ հետեւանքներ ունենալ հղի ու կերակրող էգերի ու ձագերի համար, որոնք ի վիճակի չեն մեկ այլ վայրում սնունդ գտնել:




























