Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը չեն համաձայնեցնում որեւէ կետ, որը կարող է հանգեցնել նոր համաձայնագիրը որպես աշխարհաքաղաքական պայքարում հեղաշրջում ընկալելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա համոզմամբ, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Եվրամիությունը դաս են քաղել 2013 թվականի սեպտեմբերի 3-ից (երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին - խմբ.):

«Պարտադիր չէ, որպեսզի մենք բանակցություններ վարենք ամբողջ փաթեթի շուրջ եւ դրանից հետո միայն անցնենք նախաստորագրման եւ ստորագրման: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը նույնիսկ սեպտեմբերի 4-ին էր պատրաստ ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Մեկ կամ երկու փուլով կարելի է ավարտել քաղաքական բաղադրիչի մասով բանակցությունները: Ինչո՞ւ ոչ, եկեք Ուկրաինայի օրինակով առանձին նախաստորագրենք եւ հրապարակենք համաձայնագրի քաղաքական մասը»,- առաջարկեց Թեւան Պողոսյանը:

Նա հավելեց, որ այո, ցավոք, Հայաստանը բաց թողեց Ազատ առեւտրի գոտու մասին Խորը եւ համապարփակ պայմանագրի ստորագրման հնարավորությունը: «Բայց մենք համատեղ պետք է անցնենք այդ ուղին, եւ ես վստահ եմ, որ, ցանկություն դեպքում, կարելի է ամեն ինչ անել արագ՝ մի քանի ամսվա ընթացքում»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանի եւ Եվրամիության բանակցությունները նոր, համապարփակ համաձայնագրի շուրջ: Ապագա փաստաթուղթը կփոխարինի նախկինում գործող Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին Համաձայնագրին: