Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որը 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի եւ Սումգայիթի ջարդերից հետո Կառավարության որոշմամբ ապաստան է տվել շուրջ 60 ընտանիքի, մեծ վնասներ է կրել կենվորների անփույթ վերաբերմունքի պատճառով:

Դպրոցում սովորում է տեսողական խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Դպրոցը տիպային շենք է, կառուցվել է 60 տարի առաջ, որտեղ մինչեւ օրս վերանորոգման որեւէ աշխատանք չի իրականցվել:

NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարիետա Պետրոսյանը նշեց, որ դպրոցը վերանորոգման կարիք ունի, նախագծահաշվարկային պլանն արդեն պատրաստ է, ըստ որի` դպրոցի շենքի վերականգնման համար անհրաժեշտ է 6 մլն ՀՀ դրամ:

«Դպրոցում վթարներ կան, որ 5-10 դրամի չեն, որ դպրոցի տնօրինությունը կարողանա վերանորոգել, պետք է Կառավարությունը ֆինանսավորի վերանորոգումը, ինչ վերաբերում է տնօրինությանը, այն անում է մաքսիմալը: Դիմել ենք վարչապետին, գումար չունեն, ասում են` սահմանամերձ գյուղերում ընդհանրապես դպրոցներ չկան, դեռ դրանց վրա ենք աշխատում: Մենք էլ խելոք, սուսուփուս, մեր ուժերով մեր երեխեքին մեր թեւերի տակ առած պահում ենք, մեր հերթին ենք սպասում, համբերում ենք, մինչեւ մի լույս կբացվի»,-ասաց Մարիետա Պետրոսյանը:

Փոխտնօրենի խոսքով` անմխիթար վիճակում են դպրոցի տանիքը, հոսանքալարերը, դռները, պատուհանները, մանրահատակը եւ առաստաղը:

«Այդ ընտանիքները մութ ու ցուրտ տարիներին շատ դաժան են վարվել դպրոցի հետ: Այդ մարդիկ չէին կարողանում ապրել, եւ դրանից ելնելով շատ ծանր հետեւանքներ է շենքը կրել` սկսած մանրահատակը վառելուց, դուռ-լուսամուտները կոտրել են, բացել են, նրանք ամենամեծ վնասը հասցրել են հոսանքալարերին: Էլեկտրամատակարարման հզորությունը դպրոցի համար նախատեսված է եղել մի X թվի, բայց դրա տասնապատիկ, քառասնապատիկն է շահագործվել: Յուրաքանչյուր ընտանիքում կար հզոր տաքացնող ջեռուցիչներ, դրա հետեւանքով դպրոցի հոսանքալարերը այրվել են: Ամեն օր մենք հոսանքազկվում էինք, ամեն օր չարչարվում եւ հոսանքալար էինք վերանորոգում»,-ասաց փոխտնօրենը` հավելելով, որ 1988-ին դպրոցում ապաստանած ընտանիքների շահագործած շուրջ 20 սենյակ այժմ չի օգտագործվում:

Փոխտնօրենը նշեց, որ դպրոցի «սեւ օրերը» գալիս են անձրեւների եւ ձնհալի ժամանակ:

«Տանիքը քայքայված վիճակում է: Այնտեղ 30-ից ավելի դույլեր եւ տաշտեր են դրված, որտեղ լցվում են անձրեւի եւ ձնհալի ջրերը: Անձրեւաջրերը վնասել են նաեւ դպրոցի չշահագործվող հատվածի պատերը»:

Մարիետա Պետրոսյանը ասաց, որ դպրոցի ներքին հարդարումը սեփական միջոցներով են իրականացնում, հետեւում են մաքրությանը, երեխաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելուն եւ ուսուցմանը:

Տնօրինությունը տարիներ շարունակ տարբեր դռներ է թակել, դպրոցին անհրաժեշտ տարրական պայմաններն ապահովելու նպատակով: Դպրոցն արդեն ժամանակակից գույք ունի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան շնորհիվ, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ տասը տարի առաջ վերանորոգվել է ճաշարանը, իսկ երեք տարի առաջ քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծել է սեփական կաթսայատունը: Դպրոցում, ըստ փոխտնօրենի, ձմռանն ապահովվում է 25 աստիճան ջերմություն, իսկ մարզադահլիճում` 16-17 ընդունելի ջերաստիճանը:

Դպրոցի տնօրինությունը, սակայն, համբերությամբ հիմնանորոգման իր հերթին է սպասում, հասկանում է, որ երկրի հնարավորություններն են այդպիսին: