Դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի մայրը դժգոհ է դստեր սպանության մեջ մեղադրվող ամուսնուն` Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացնելու դատախազի որոշումից:
Տուժողի իրավահաջորդ Վալյա Նահապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն տված հանձնաժողովի անդամները կաշառված են, եւ հենց այդ պատճառով են եզրակացություն տվել, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:
«Էդ սրիկան աֆեկտի վիճակում չի եղել, որովհետեւ վեճից 5-6 ժամ հետո է դանակով հարձակվել աղջկաս վրա: Էդ հոգեբաններն ու հոգեբույժներին ուղղակի կաշառել են, ես չեմ վախենում բարձրաձայնել էդ մասին: Եթե աֆեկտ կար, ինչի՞ առաջին փորձաքննության ժամանակ չկար, երկրորդ, երրորդին եղավ»,-ասաց Վալյա Նահապետյանը:
Սպանված Դիանա Նահապետյանի մայրը հույս ունի, որ դատարանը հաշվի չի առնի փորձաքննության եզրակացության արդյունքները եւ արդարացի որոշում կկայացնի:
«Հույս ունեմ, որ դատավորը հաշվի չի առնի աֆեկտի պահը: Շատ սխալ է չորս տարի դատապարտելը, երիտասարդ կին է սպանվել, ի՞նչ իրավունք ուներ իմ աղջկան կյանքից զրկելու էդ այլանդակը: Ես շատ դժգոհ ու հիասթափված եմ: Էդպիսի բան չպիտի լիներ, բայց դատախազի դեմ բան չունեմ, օրենքով է այդպես, ի՞նչ անեմ, բողոքե՞մ Ազգային ժողով, ասեմ` օրենսգիրքը փոխե՞ք: Բայց էդ ի՞նչ օրենք ա, որ հաշվի չի առնում` անչափահաս երեխեքի աչքի առաջ նրանց մորն են սպանել, դրա համար էդ սրիկան չորսը տարի պիտի նստի՞, բա սենց երկիր ա լինու՞մ, սենց օրենք ա լինու՞մ, էդպես պիտի չոր ջրից դուրս գա՞»,-ասաց Վալյա Նահապետյանը:
Նշենք, որ դատախազի միջնորդությամբ Վոլոդյա Մուրադյանին այս անգամ մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
Մեղադրանքը մեղմացվել է, քանի որ կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում
Վոլոդյա Մուրադյանը հաստատել է, որ կնոջն ինքն է սպանել, սակայն անգիտակցաբար:
Նշենք, որ 1-ին փորձաքննության եզրակացության համաձայն` Վոլոդյա Մուրադյանը չի եղել աֆեկտի վիճակում, ըստ 2-րդ եւ 3-րդ փորձաքննությունների եզրակացության, սակայն, նա եղել է խիստ հուզական վիճակում: Վոլոդյա Մուրադյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն, որը պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Դիանա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիանա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին և արտաքին արյունահոսություն։ Դիանա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիանայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել:



























