ՌԴ Սպասսկ Դալնի քաղաքի բնակիչը, որը պատշգամբի դռներից եւ պատուհաններից մարդկանց բնակարաններ ներթափանցելու պատճառով ստացել է «սարդ մարդ» մականունը, դատապարտվել է 17 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման։ Այս մասին ասված է ՌԴ Պրիմորիեի երկրամասի դատախազության կայքում։

Քննությունը պարզել է, որ «սարդ մարդը» 2012թ. ապրիլից 2014թ. հունվարն ընկած ժամանակաշրջանում գիշերները պատշգամբի դռներից եւ պատուհաններից մտել է մարդկանց բնակարաններ եւ գողություն կատարել։

«Զոհերի մեծ մասը բնակվում էին 3-4-րդ հարկերում, եւ մեղադրյալը բնակարան էր մտնում շենքերի ճակատամասի վրա տեղադրված օդորակիչների սարքերի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դատարանը վերջնական վճիռը կայացրել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել մեկ այլ գործի՝ բռնաբարության համար։