Թուրքիայի զորքերը տեղակայվել են Իրաքի հյուսիսի ռազմաբազայում երկրի նախագահ Ֆուադ Մասունի խնդրանքով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը։
«Մեր ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են Բաշիքա քաղաքում Իրաքի նախագահ Ֆուադ Մասունի խնդրանքով, որով նա հանդես էր եկել 2014թ.»,- ասել է Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 4-ին թուրքիան ռազմական ուժեր, այդ թվում՝ տանկեր եւ հրետանի էր տեղակայել քրդական աշխարհազորայինների ճամբարում։
Հիշեցնենք, որ Բաղդադի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիան Իրաքի հյուսիսում ծանր զինամթերքով զինված ռազմական ճամբար էր տեղակայել՝ հայտարարելով, թե իր զինվորականները մարզում են ահաբեկիչների դեմ պայքարող մարտիկներին։
Իրաքը իր հերթին դա որակել է որպես իր ինքնիշխանության ոտնահարում եւ սպառնում է դիմել այլ միջոցների՝ ընդհուպ մինչեւ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։




























