Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Արցախի 4-րդ նրբանցք 10/2  հանրակացարանային շենքի 15 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը: Նույն շենքի եւս 33 ընտանիքների ներկայացուցիչների վիճակահանությամբ բնակարաններ էին հատկացվել նախորդ նիստի ժամանակ:

Հերթական նիստը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 15 ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 6/1 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 եւ 3 սենյականոց  թվով 15 բնակարաններ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին եւ տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ:

Բնակարանները կբաշխվեն մինչեւ տարեվերջ: