Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի  10-ի իր նիստին մերժել է   «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ նախագիծը, որը նախապատրաստվել էր  «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից:

Օրինագծի համաձայն, առաջարկվում էր բարձրացնել թոշակային տարիքի բազմազավակ մայրերի համար նախատեսված թոշակը. չորս երեխա ունեցող մայրերի համար` 20 տոկոսով, 5 երեխա ունեցողների` 40 տոկոսով, իսկ  6 եւ ավելի երեխա ունեցողների համար`    60 տոկոսով: Հեղինակների կարծիքով, դա ծնելիության աճ կապահովեր: 

Սակայն կառավարությունում համարում են, որ 30-40  տարի անց թոշակի հավելում ստանալու երկարաժամկետ հեռանկարը խթան չէ ծնելիության աճի համար: Բացի այդ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով, օրինագիծը չի բխում այն քաղաքականության էությունից, որն իրականացվում է սոցապահովության ոլորտում: Նա նաեւ հիշեցրել է, որ  1974-ի հունվարի 1-ից հետո ծնվածների համար թոշակի չափը կձեւավորվի արդեն կուտակային համակարգով այն դեպքում, երբ օրինագծով առաջարկված փոփոխությունները վերաբերելու են տարիքային հենց այդ խմբին: