Հասարակությունն այնքան ուժ չունի, որ «ոչ»-ը պահի։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքներին։

«Հասարակությունն ունի այնքան ուժ, որ «ոչ» ասի, բայց չունի այնքան ուժ, որ  այդ «ոչ»-ը պահի։ Հասարակությունը կկարողանա «ոչ»-ը պահել, երբ լինի մի կուսակցություն, որը բոլոր ընտրատեղամասերում կունենա ներկայացուցիչներ, որոնք կպահպանեն այդ «ոչ»-ը»,- ասաց Արմեն Բադալյանը՝ նշելով, որ իր կարծիքով, դեկտեմբերի 6-ին Հանրապետության գրեթե բոլոր ընտրատեղամասերում հաղթել է «ոչ»-ը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը մինչդեռ համոզված է, որ ընդդիմությունն այս հանրաքվեի ժամանակ որեւէ սխալ թույլ չի տվել եւ փայլուն արդյունքներ է գրանցել՝ չունենալով համապատասխան ռեսուրսներ։

«Սուղ ռեսւորսներով ընդդիմությունը կարողացավ քարոզչություն անցկացնել, ինչի շնորհիվ մարդիկ գնացին եւ դեմ քվեարկեցին։ Իսկ այդ «ոչ»-ը չկարողացան պահել, քանի որ լծակներ չունեն։ Ըստ իս, այս հանրաքվեն իշխանության պարտությունն էր, ոչ թե ընդդիմության․ եթե իշխանությունը շնորհքով աշխատեր, կկարողանար առանց խախտումների ապահովել «այո»-ն»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հանրաքվեի արդյունքները, ըստ քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, արտացոլեց փողոցում տիրող իրավիճակը, քանի որ հրապարակներում չկար զանգվածային ճնշում իշխանությունների վրա։

«Իշխանությունն այս պարագայում իրեն շատ ապահով էր զգում, նույնիսկ հեռուստաեթերը բացեցին բոլոր ընդդիմադիրների առջեւ։ Ինչ վերաբերում է ընդդիմության սխալներին, ապա ըստ իս, նրանք չունեն ընդգծված առաջատար, որի հետեւից մարդիկ գնում են։ Փորձը ցույց է տվել, որ առանց առաջատարների՝ ընդդիմությունը հաջողության չի հասնում»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Տեխնոլոգի կարծիքով՝ ընդդիմության մեջ պետք է լինի սերնդափոխություն, քանի որ «ոստիկանապետի հետ աղոթողների» հետեւից այլեւս մարդիկ չեն գնում։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824: