Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 12-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պահում է՝ որպես «գրպանի խաղալիք»։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչների քայլերին։
«ԲՀԿ-ի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այն դարձել է ՀՀԿ-2, որեւէ տարբերություն չկա նրանց միջեւ, բացի կուսակցական տոմսից։ ՀՀԿ-ն պահպանում է ԲՀԿ-ին՝ իր շահերից ելնելով միայն, գրպանի խաղալիք է ընդամենը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ընտրատեղամասերի հանձնաժողովներից մեծ մասում ՀՅԴ-ի ներկայացուցիչները եղել են ՀՀԿ-ի կողմից ուղարկված։ Ըստ իս, ՀՅԴ-ն քաղաքական շահեր ունի, այդ պատճառով է սատարել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ օգնել ՀՀԿ-ին»,- ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նույնպես համաձայն է, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կողմ են Սահմանադրական փոփոխություններին միայն իրենց քաղաքական եւ բիզնես շահերի համար։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններին կողմ են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:




























