Հայաստանում մեկ շաբաթ առաջ տեղացած առաջին ձյան պատճառով բազմաթիվ խնդիրներ առաջացան, վթարների քանակը կտրուկ աճեց: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«ԱՊՊԱ-ները չէին հասցնում սպասարկել բոլոր վթարները, չնայած որ նախապատրաստվել էին: Առաջին ձյունն ասաց, որ ճանապարհների հարցը այսօր Հայաստանում թիվ մեկ խնդիրը համատարած գծանշումների խրոնիկական բացակայությունն է: Երեւանում այսօր ՃՈ-ն ի զորու չէ մայրաքաղաքի երթեւեկությունը կարգավորել: Մենք բազմաթիվ նամակներ ենք գրել ճանապարհային ոստիկանությանը, նշելով, որ խաչմերուկների երթեւեկությունը կարգավորված չէ, որոշ թերություններ վերացվել են, սակայն, հիմնականում պատասխանում են, որ համապատասխան ռեսուրսներ չունեն: Քաղաքապետարանն էլ գրեթե բոլոր նամակներին պատասխանում է, որ այս տարվա բյուջեի մեջ այդ խնդիրները վերացնելու հարցերը նշված չեն: Այս տեսակ վերաբերմունքը լուրջ չէ` երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Էդուարդ Հավհաննիսյանը:
Ինչ վերաբերում է որոշ ժամանակ առաջ ոստիկանության տարածած հայտարարությանը, որ մգեցված ապակիներով վարորդները կտուգանվեն, Էդուարդ Հավհաննիսյանը նշեց, որ դա հերթական հայտարարություն էր միայն, որը այդպես էլ չիրագործվեց: Նրա խոսքով, սակայն, ոստիկանության այդ հայտարարությունից հետո, վարորդների մեծ մասը հեռացրել է մեքենաների հողմապակիների մգեցվածությունը:
«Հեռացման հետ կապված մենք էլ չհասկացանք, թե ինչ ուզեց անել ճանապարհային ոստիկանությունը, հերթական հայտարարությունը արվեց, որ կստուգեն առջեւի հողմապակու լուսաթանցելիությունը: Ու հետո, լռեցին, ոչ մի ձայն: Հարցնում ենք, ասում են կանեն, կանեն: Բայց վարորդների մեծ մասը այս հայտարարությունից հետո հանել են ապակիների թաղանթները, մի տասնհինգ տոկոսն է մնացել: Մի որոշ ժամանակ անց, նորից այդ թաղանթները կսկսեն տեղադրել, սա բիզնես է, ոնց ուզում եք ասեք: Մի ժամանակ էլ, երբ մգեցված ապակիներ չէին, այլ վարագույրներ էին` ճանապարհային ոստիկանությունը պոկում էր դրանք, իհարկե, մգեցված ապակիները շատ վրաերթերի, ավտովթարների պատճառ են դառնում»,-ասաց նա:
Էդուարդ Հավհաննիսյանը նշեց, որ Հայաստանում ավտովթարների ու վրաերթերի պատճառով մահացության դեպքրը 0.9 տոկոսով են նվազել, որը չնչին տոկոս է:




























