Հայաստանում ավտոմեքենաները տեխզննում չեն անցնում. վարորդները բանկում վճարում են տեխզննում անցնելու համար, սակայն մեծ մասը չի գնում տեխզննման: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Երթեւեկության անվտանգությունը երեք բաղադրիչներով է ապահովվում` տրանսպորտ, ճանապարհ, վարորդ: Տեխնիկական սարքի պատասխանատվությունը վարորդն է կրում եւ պետությունը ոչ մի պատասխանատվություն չունի այս հարցում, ամեն ինչ մնացել է վարորդի վրա: Տեխզննում փաստորեն չի արվում, քանի որ պահանջ, ստուգում չկա: Վարորդները բանկում վճարում են տեխզննում անցնելու համար, սակայն մեծ մասը չի գնում տեխզննման` ղեկի ու արգելակման սիստեմն են ստուգում միայն ու վերջ եւ լցնում պետության բյուջեն»,-ընդգծել է Էդուարդ Հովհաննիսյանը: