Սպառողների իրավունքների պաշտպանվածության առումով 2015թ. Հայաստանում հետընթաց է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Այս տարին վատ իմաստով ունիվերսալ ստացվեց, նույնիսկ կայուն վատ վիճակում չմնացինք, որում կայինք, այլ հետ գնացինք: Միշտ էլ եղել են սպառողների իրավունքների ոտնահարման դեպքեր, հետո համապատասխան կառույցներ որոշ խնդիրների անդրադարձել են, այս տարի դա էլ չեղավ»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ սպառողների իրավունքների ոտնահարման դեպքերին չի անդրադարձել անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ տարվա ընթացքում գազաբալոնների պայթյունների դեպքերից հետո Էկոնոմիկայի նախարարությունը նման դեպքերի հետագա կանխման համար քայլեր ձեռնարկելու փոխարեն անգործության էր մատնված:
«Օրինակ՝ պարտադրեին բոլոր գազալցակայաններին, որ հրապարակեն՝ ինչ ճնշման տակ ու ջերմաստիճանի տակ պետք է գազը լինի ու սպառողների համար էլ թեժ գիծ լիներ, որ եթե տեսնեին՝ այս կամ այն բալոնը լիցքավորվում է նորմերի խախտումներով, կարողանային ահազանգել: Սա կարգավորման կտաներ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ այս պահին փաստացի չի գործում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչի հետեւանքով շուկան մնացել է վերահսկողությունից դուրս:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս տարի իր լիազորությունները չի կատարել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Այստեղ չեմ տեսել սպառողամետ գործողություն: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչի դեպքում կարճ ժամանակ անց, երբ սեփականատերը փոխվեց, բացահայտվեց, որ ՀԾԿՀ-ն չէր գործել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:



























