Երեւանի բնակիչ 52-ամյա Մարինե Մեսրոպյանն արդեն 17 տարի է ` ապրում է կիսակառույց, խոնավ ու ցուրտ տանը: 52-ամյա կինը ամուսնուց 16 տարի առաջ է բաժանվել, ամուսնուց ու նրա հարազատներից կարողացել է միայն կիսակառույց տունը վերցնել եւ մեծ դժվարություններով միայնակ մեծացնել երկու երեխաներին: Առջեւում ցուրտ ձմեռ է, տիկին Մարինեն անհանգստանում է` չգիտի, թե ինչպես են կարողանալու մեկ ձմեռ եւս փտած ու կիսախարխուլ կտուրով տանն անցկացնել, կնոջ համար տարվա երբեմնի ամենասիրելի եղանակը դարձել է ամենասարսափելին: Նա կիսակառույցում բնակվում է որդու ու դստեր հետ. 29-ամյա որդին` Հրաչյան,  ողնաշարի խնդիրներ ունի, իսկ 27-ամյա դուստրը` Ժաննան,  խոնավությունից ոտքերի հիվանդություն է ձեռք բերել, երկուսն էլ չեն կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել։ Չնայած դրան`Հրաչյան ու Ժաննան իրենց հիվանդ մայրիկին խնամելու, տան մինիմալ ծախսերը հոգալու համար ստիպված են աշխատել եւ չեն դժգոհում, բայց տան կտուրը վերանորոգելու համար մեծ գումար է պետք, որն իրենց ստացած աշխատավարձով անհնար է վճարել։

« Ձմեռը չենք սիրում,  խոնավության մեջ նստում ենք, կտուրից անընդհատ կաթկթում է, ամբողջ հատակը ջուր է լինում, անկողինը ջուր է լինում: Ինչ հիվանդություն ասես ձեռք չեմ բերել ցրտի պատճառով, չգիտեմ էլ` այսպես ինչքան ենք կարողանալու: Անգամ բաղնիք ու տուալետ չունենք, նվազագույն հարմարություններ չկան: Երեխաներիս աշխատած փողով էլ հազիվ կարողանում ենք օրվա հաց առնել: Ես աշխատում էի, բայց արդեն 1 տարի չեմ աշխատում` խոնավության ու դժվար կյանքի պատճառով մի շարք հիվանդություններ եմ ձեռք բերել»,-ասում է տիկին Մարինեն:

3 սենյականոց բետոնե, մութ, խարխուլ ու առանց կտուրի տունը զուրկ է անգամ ամենամինիմալ հարմարություններից` յուրաքանչյուր անկյունում տիկին Մարինեն տաշտեր է տեղադրել` հալհլոցի ու անձրեւաջրերի պատճառով:  Ձմռան ցուրտ օրերին ընտանիքը տան մեջտեղում տեղադրված վառարանը հիմնականում չի օգտագործում` խնայում է վառելիքը` ամենացուրտ օրերի համար:

Տիկին Մարինեն խնդրում է բարի մարդկանց աջակցությունը տանիքը վերանորոգելու համար։ Նա հույսը չի կորցնում, որ կգա մի օր, երբ ձմեռը նորից իր սիրելի եղանակը կդառնա, դուստրն ու տղան կամուսնանան, ինքն էլ թոռնիկներ կունենա, որոնք երջանիկ կվազվզեն իրենց տաք տանը: