Հակառակորդի կրակոցից դեկտեմբերի 8-ին երեկոյան զոհված Գարիկ Ավանեսյանին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հողին հանձնեցին զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Մարդի Աղաջանյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
«Մի քանի ամիս առաջ մահացած հոր կողքին ենք հուղարկավորել, զինվորական կարգով: Հուղարկավորությանը մասնակցել է ամբողջ գյուղը, Գարիկի հրամանատարները, ընկերները, ծառայակիցները»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ Գարիկ Ավանեսյանը մայիսին էր ավարտել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ վերադարձել Արցախ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:




























