Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետեւ ցեղասպանությունների թեման այսօր էլ արդիական է, այն շարունակվում է հատկապես այս տարածաշրջանում: Այս մասին, դեկտեմբերի 10-ին, Երեւանում, Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
EDS անդամներն այս օրերին Երեւանում անցկացնում են խորհրդի հավաք:
Վիգեն Սարգսյանը կարեւորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երեւանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ բանախոսն ասել է, որ հայ ժողովուրդը, որ ենթարկվել է կոտորածների իր պատմական հայրենքում, ունեզրկվել է, այնուամենայնիվ, կարողացել է վերապրել, վերագտնել պետականությունը՝ մոբիլիզացնելով իր ուժերը, լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատարազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլեւ փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։
«Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետեւ ցեղասպանությունների թեման այսօր էլ արդիական է, այն շարունակվում է հատկապես այս տարածաշրջանում։
Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլեւ ստիպված ենք եւ պարտավոր ենք խոսել այդ մասին»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այն առանցքային ծրագրերը, որոնք 2015 թվականի ընթացքում իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, եւ որոնց նպատակն աշխարհին ճշմարտությունը փոխանցելն ու հետագա ոճիրները կանխելն է։
Բանախոսը հավելել է նաեւ, որ հայերը շարունակելու են Թուրքիային կոչ անել ճանաչել Ցեղասպանությունը, առերեսվել պատմությանը եւ դադարեցնել մաս կազմել այն մեծ ոճրին, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ։
Հանդիպման վերջում Վիգեն Սարգսյանը պատասխանել է եվրոպացի երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայկական սփյուռքին, հայ-ռուսական հարաբերություններին եւ այլ թեմաների։
Հիշեցնենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երեւանում հյուրընկալվել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով։ Վերջինս եվրոպական այս կազմակերպության անդամ է։
Այսօր EDS-ի պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։



























